Մտքեր մտքերի մասին

Posted on Mar 22, 2021

Բարեւ մտքեր, ես քեզ կարօտել էի, շատ երկար ժամանակ է ինչ քեզ չեմ տեսել, լսել, զգացել։

Գիտեմ, դու չես գալիս երբ ես զբաղուած եմ լինում, գալիս ես երբ բաղնիքում լողանում եմ կամ երբ մարդկանց հետ՝ շփւում։ Ամէն անգամ երբ քննարկումներ են սկսում, գալիս ես իմ գլխի մէջ եւ նոր բաներ ասում։ Գուցէ շա՞տ ես նեղուած որ առօրեայում քեզ հետ էլ չեմ շփւում։

Արի հասկանանք մեր յարաբերութեան պատմութիւնը, հա՞։

Ես եւ դու ընկերութիւն ենք անում այն ժամանակից երբ ես կարողացայ իմ առաջին նախադասութիւնը ձեւաւորել։ Բաւարար պայմանը քո ներկայութեան՝ նախադասութիւն կազմելը։ Շատ բարդ յարաբերութեան ժամանակ կարիք է լինում որ կազմեմ մէկից աւել նախադասութիւն։ Բայց դու միշտ կաս, ինձ օգնում ես։

Հասկանում եմ, ինչպէս ընկերներս են բողոքում, այդպէս էլ դու. վերջին շաբաթներին չեմ շփւում։ Խնդրում եմ դու էլ հասկացիր, խա՛ռն եմ։ Բայց քո կարիքն ունեմ այս ժամանակներին աւելի քան դու պատկերացնում ես։

Սակայն դու չես սիրում կարճ շփում։ Ինձ մէկ֊երկու, տաս կամ քսան րոպէո՞վ են պէտք մտքեր՝ դու չկաս։ Դու սիրում ես ինձ հետ երկար խօսակցութիւններ, սիրում ես/ենք արտայայտել մտքեր որոնք կը ծնեն նոր մտքեր։ Սիրում ենք մտքեր որոնք մեկնաբանում են այլ, այլոց եւ ալիւր֊ոտ մտքեր։

Ես եմ մեղաւոր իհարկէ, որ դու հեռացել ես ինձանից։ Ներիր ինձ։ ամէն տեսակի անկապ «մահանայ»֊ներն եմ միշտ գտնում։ օհ մատեանս պէտք է մաքրեմ, նոր գրեմ։ օհ թուղթ ու գրիչ է պէտք որ քեզ հաւաքեմ, նոր շփուեմ։

Բայց դու էլ շատ լաւ գիտես, որ ինքս ինձ եմ խաբում։

Ես հիմա, ուղղակի, սկսել եմ վախենալ իմ մտքերից։ Փոխւում եմ, Սասունցի Դաւիթի նման շատ արագ։ Չեմ հասցնում ինքս ինձ հասկանալ։ Իսկ դու՝ հիմնականում ճիշտ, միշտ հասուն, ինձանից խելացի, գուցէ մէկ խօսակցութեան ժամանակ քեզ պահես ստաբիլ, իսկ ես՝ փոխուեմ ընթացքում։

Այո, վախենում եմ փոփոխութիւններից, այդ պատճառով էլ ամիսներ է մուկը տեղից չեմ շարժել, չնայած՝ չեմ օգտագործում։

Խոստանում եմ քեզ, որ կաշխատեմ իմ փոփոխութեան վախի վրայ, շատ արագ (դէ հիմա էլ այսպէս է ստացւում) եւ կը խօսեմ քեզ հետ։ Եւ մենք կը գրենք ժամերով։

Մինչ ապագայ հանդիպումներ։

Ասանկ բաներ…