Մտքեր №70924

երկուշաբթի, նոյեմբերի 8, 2021, 12:41 PM

Կրկին առաւօտ, կրկին օնլայն դասերն եմ լսում իմ քրոջ։ Արդէն 10 րոպէ նոյն վիճակն է՝ «իսկ չէ՞ք տեսնում գիրքը», «իսկ հիմա երեւո՞ւմ է», «գուցէ պէտք է կրկին անգա՞մ մտնէք֊դուրս֊գաք»։ Չէ, ջանիկ, մտնել֊դուրս գալով խնդիրներ չեն լուծում (pun intended)։

Ես երկար տարիներ բողոքել եմ նրանից, որ ջահելները 1) չգիտեն օգտագործել ֆայլային համակարգ 2) չգիտեն համակարգիչներից օգտուել։ Սակայն պարզւում է, որ սա միայն ջահելների մասին չի, բնաւ։ Շատ մեծ քանակի դասախօսներ չգիտեն համակարգիչներից օգտուել, սկսած նրանից թէ ինչ է ֆայլը (իրենց desktop֊ները տեսե՞լ էք) մինչեւ ինչ է համացանցը եւ ինչպէս է աշխատում։

Եթէ ՀՀ ԿԳՄՍՆ֊ն չդնի մինիմալ դասեր դասատուների եւ դասախօսների համար ապա մենք ունենալու ենք մի սերունդ, որը ոչ թէ միայն չգիտի համակարգչից օգտուել այլ նաեւ չունի իր սեփական առարկայից գիտելիքներ։ Այս մարդիկ վարժուել են մաթեմաթիկայ դասաւանդել գրատախտակի վրայ, Անգլերէն սովորեցնել պատի վրայ գրելով։ Իսկ հիմա իրենք չունեն այդ հնարաւորութիւնը եւ պէտք է պատշաճեցնել։

Հարց է մնում՝ ինչպէ՞ս իրականացնել սա։ Եթէ ՀՀ ԿԳՄՍՆ֊ն կարծում է, որ սրա լուծումն է դասատուների/դասախօսների/ռեկտորների հետ հանդիպել, ապա շատ սխալւում են։

Երբ արտադրանք ես հանում շուկայ, ասենք Ծրագրային Ապահովում, եւ խնդիր ես ունենում քո ԾԱ֊ի համայնքի հետ, ապա լուծումն այն չէ, որ գնաս ու ծրագրաւորողի հետ խօսես։ Լուծումն այն է որ քո օգտատէրերի հետ խօսես, այս դէպքում՝ ուսանողների։

Շատ ժամանակ քեզ կարիք է լինում կանչել խորհրդատուական ընկերութիւն, այս դէպքում՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ։

Դասատուները եւ դասախօսները մի քանի տարին մէկ գնում են վերապատրաստման եւ քննութիւններ յանձնելու։ Երեւի ժամանակն է այդ քննութիւնների ժամանակ նաեւ քննենք, որ գիտեն մեյլից, բրաուզերից եւ (գոնէ, գոնէ, ու չեմ հաւատում որ սա ասում եմ) զումից օգտուել։

Դեռ քաղաքական խնդիրների մասին չեմ խօսում, որ մենք, փակ երկիր ըլլալով, օգտւում ենք դրսի ընկերութիւններից, եւ ոչ թէ տեղակայում ԾԱ֊ները մեր մօտ։

Ասանկ բաներ…