Գրաւիր Դրոշը, կրկին

երեքշաբթի, նոյեմբերի 30, 2021, 10:28 PM

Այս ամիս տեղի ունեցաւ Հայաստանի չորրորդ «Գրաւիր Դրոշը» խաղը։ Ովքեր տեղեակ չեն, դա հաքերների մրցոյթ է, Անգլերէն ասում ենք «Capture The Flag», որտեղ մասնակիցներին տրւում են մի շարք համակարգեր եւ խնդիրներ, որը իրենք պէտք է ջարդեն եւ լուծեն։

Ստացւում է, որ կազմակերպիչ եմ եղել Հայաստանի բոլոր Դրոշ Գրաւելու մրցոյթներին։

  • CTFEVN֊ը առաջինն էր, 2017 թուականին, այդ ժամանակ աշխատում էի 1Guard ընկերութիւնում։
  • ArmCTF֊ը տեղի է ունեցել 2018֊ին՝ ArmSec֊ի շրջանակներում, գլխաւոր կազմակերպիչն էր մեր ընկերութիւնը՝ illuria Security֊ին։
  • CyHub CTF 2020, COVID-19֊ի պատճառով տեղի է ունեցել օնլայն, սակայն մասնակիցների մեծ մասը Հայաստանից էին։
  • CyHub 1CAT CTF 2021, տեղի է ունեցել հիբրիդ՝ առցանց եւ տեղում, սակայն մասնակիցների մեծ մասը տեղում էին։

Այս տարի բացմանը մի քիչ տխուր էի։ Նկատեցի, որ ոչ մի աղջիկ ներկայ չէր։ Նման բան երբէք չէր եղել, բոլոր տարիների CTF֊ներին ունեցել ենք աղջիկներ։ Գրողը տանի, նոյնիսկ կազմակերպիչների մէջ միշտ կան աղջիկներ։

Փակման ժամանակ սակայն աւելի ուրախ էի, Լիլիթը միացել էր, հերիք չի իր խումբը զբաղեցրել էր 3֊րդ տեղը, նա՝ ամենարժէքաւոր խաղացողների 3֊րդ տեղը։

Այս տարի նաեւ որոշել էինք միաւորներ տալ Write-Up֊ների համար։ Եթէ կարողացել ես խնդիրը լուծել, հասկացել ես ինչ ա խնդիրը ու գրառել ես այն մասին, ապա քեզ միաւորներ ենք տալիս։

Ես ահագին ուրախացայ, երբ տեսայ որ Դաւիթը ոչ թէ միայն գրառել է ամենաբարդ խնդիրներից մէկի լուծման մասին, այլ նաեւ հրապարակել էր այդ իր բլոգում։

Յաջորդ Դրոշը Գրաւելու մրցոյթը, յոյս ունեմ, տեղի կունենայ մի քանի ամսից։ Այս անգամ աւելի շատ կենտրոնանալու ենք ուսանողների վրայ։

Ասանկ բաներ…