Տասը Տարի Հայաստանում

Տասը տարի առաջ՝ 2012֊ին, այս օրը` Յունուարի 17֊ին, մենք եկանք Հայաստան։ Ի տարբերութիւն նախորդ տարիների՝ ոչ հանգստանալու նպատակով, այլ՝ տեղափոխուելու։

Շատ բան է փոխուել Հայաստանում այս տասը տարուայ մէջ։ Մենք այդ տարուայ առաջին թռիչքն էինք նստել եւ եկել Հայաստան։ Այդ ժամանակ ոչ մէկ չգիտէր՝ ինչ է «սիրիահայ»֊ը, շատերը ինձ պարսկահայի տեղ էին դնում։

Առաջին տարին անցկացրել եմ դպրոցում, որտեղ ինձ ասում էին «իմպըրտնի»՝ փորձելով անցակացնել աւարտական տարիս։ Իհարկէ, ի տարբերութիւն միւսների, ես չէի անցնում ռուսերէն։ Այնպէս չէ, որ միւս առարկաներն անցնելուց բան էի հասկանում, հաշուի առնելով որ մենք գիտական նիւթերը, ինչպիսին է Ֆիզիկան եւ Մաթեմը, անցնում էինք Արաբերէն, իսկ վերջին դպրոցական տարիներին՝ Անգլերէն։

Բայց արի ու տես, որ դպրոցի ընկերներիցս ոչ մէկը չի մնացել իմ շրջապատում։ Ոչ Հայաստանի եւ ոչ էլ Սիրիայի։

Հայաստանի ընկերների հետ կապը կորցրեցի Եւրոպայ տեղափոխուելուց, իսկ Սիրիայի ընկերների հետ՝ Հայաստան գալուց յետոյ։

Չնայած նրան, որ ընդունուել էի Հայաստանի Ամերիկեան Համալսարան (գրաբարով՝ ԷյՅուԷյ), բայց մի կիսամեակ սովորելուց յետոյ դուրս եկայ ՀԱՀ֊ից։

Այդ տարիներին նաեւ բոլորի համար տարօրինակ էր այն, որ կարգիչների մէջ էի խորացել։ Հիմա մի տեսակ առաւելութիւն է «ծրագրաւորող» լինելը, բայց այն ժամանակ, Սիրիահայերի նման, ամէն մարդ չգիտէր այդ մասին։

Երկու տարի Հայաստանում ապրելուց յետոյ տեղափոխուեցի Եւրոպայ, սկսեցի Իտալիայից, ապա Ֆրանսիա, ու վերջում Նիդեռլանդներ։ Չնայած նրան, որ ծնողներս ցանկանում էին տեղափոխուել, ինձ, սակայն, հայրենիքի կարօտն էր կանչում։ Զգում էի, որ այս երկրում ինչ֊որ բան ունէի անելու։

Հետ գանք բուն թեմային, հա՞։

Ուշ գիշեր էր, ժամը 2֊ին անիւները կպան գետնին, դուրս եկանք օդանաւակայանից ու գնացինք տուն։

Ես շատ սպասելիքներ չունէի Հայաստանից, գիտէի, որ DIY (Do It Yourself) երկիր է, եթէ բան ես ուզում, դու պէտք է անես։

Բայց ես մինչեւ այսօր չեմ կարողանում նոյնիսկ երեւակայել, թէ ինչպէս կը լինէր իմ կեանքը, եթէ ես Հայաստանի փոխարէն ապրէի Եւրոպայում, կամ մնայի Սիրիայում։

Շատերին կը թուայ թէ այսօր երկար բարակ գրելու եմ, բայց իրականում ուղղակի ուզում էի ասել, որ երջանիկ եմ այս տխուր երկրում, տխուր եմ որ պէտք է այս երկիրը երջանկացնել եւ շնորհակալ եմ, որ ունեցել եմ ընկերներ, ովքեր ինձ բզել են, որ Եւրոպայից վերադառնամ Հայաստան եւ իմ երազանքները այստեղ իրականացնեմ։

Եթէ ունեմ մի ցանկութիւն այս պահին, դա այն է, որ տասը տարի յետոյ հրապարակեմ «քսան տարի Հայաստանում» գրառումը։

Մինչ նոր հանդիպում։

Ասանկ բաներ…

Պատասխանել մեյլով